Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը նոր իրավական հիմքեր է մշակում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար, ասել է կազմակերպության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։
«Եթե առաջարկներ ստացվեն փոխելու ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կիրառման իրավական հիմքերը, դրանք կհամաձայնեցվեն անդամ երկրների հետ»,- ասել է նա։
Այժմ ՀԱՊԿ խաղաղապահ գործողությունների անցկացումը կարգավորվում է ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին 2007 թվականի հոկտեմբերի 6-ի համաձայնագրով։
Սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի տարածքում խաղաղապահ գործողության մասին որոշումն ընդունում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն այս երկրի համապատասխան պաշտոնական խնդրանքի հիման վրա՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ ծանուցմամբ։ ՀԱՊԿ-ի կազմում չմտնող պետության տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության մասին որոշումը կայացվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման հիման վրա, պարզաբանել է Զայնետդինովը։
Նա ասել է, որ նշված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի սեպտեմբերի 16-ի արձանագրությունը, որը նախատեսում է խաղաղապահության ոլորտում ՀԱՊԿ-ի անունից ՄԱԿ-ի հետ փոխգործակցության համակարգող պետության որոշման կարգը (վավերացրել են Բելառուսը, Ռուսաստանը և Տաջիկստանը) , ներկայումս անցնում է վավերացման ընթացակարգը։ ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ կազմակերպության երկրների ղեկավարները 2 որոշման նախագծերի շուրջ համաձայնության չեն եկել։ Նա ասել էր, որ Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին հռչակագիր և հայտարարություն չի ստորագրել՝ կազմակերպության կողմից ադրբեջանական ագրեսիային քաղաքական գնահատական տալուց հրաժարվելու պատճառով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







