Օրերս Независимая газета-ում հրապարակված «Սումգայիթյան ողբերգություն. թե ինչից է սկսվել և ինչպես է դա եղել» հոդվածի առնչությամբ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին՝ պահանջելով ստուգումներ սկսել ազգային թշնամանքի, այլատյացության և կրոնական անհանդուրժողականության բորբոքման փաստով։ Այս մասին հայտնում է Говорит Москва ռադիոկայանը։
«Մենք Независимая газета-ից հերքում չենք պահանջելու, որովհետև այն, ինչ եղել է այդտեղ հրապարակված, համարում ենք սրբապղծություն»,-հայտարարել է Տողանյանը Говорит Москва-ի թղթակցին: -Առաջին հերթին, մեր կարծիքով, պատասխանատվություն է կրում հրատարակչությունը, թերթը, որը լիցենզավորված ձեռնարկություն է։ Նրանք ունեն ԶԼՄ-ների լիցենզիա և փաստորեն, մեր իրավաբանների կարծիքով, այնտեղ կա ԶԼՄ-ների մասին օրենսդրության բացահայտ խախտում։ Այս նյութում առկա է քրեական հոդվածների մեծ փունջ, ինչի կապակցությամբ ես դիմել եմ Ռուսաստանի գլխավոր դատախազին՝ պահանջելով ստուգումներ սկսել ազգային թշնամանք, այլատյացություն, կրոնական անհանդուրժողականություն հրահրելու փաստով»։
Հայաստանի դեսպանը նաև կասկածի տակ է դրել հոդվածի հեղինակի վկայակոչած փաստաթղթերը։
«Ես չգիտեմ, թե ինչ արխիվային նյութերի մասին է խոսքը։ Հատուկ ծառայությունները, հավանաբար, տարբեր նյութեր ունեն։ Որքան լուրջ են դրանք, որքան պարզ մատնություններ են հինգ կոպեկով, դժվար է ասել: Մենք գիտենք, թե ինչպես է հիմա խեղաթյուրվում պատմությունը, ոչ միայն 20-րդ դարինը։ Եվ մենք հասկանում ենք, որ ամեն ինչ կարելի է գտնել արխիվներում, և ինչպես այս կամ այն նյութերն առանձին գործերում կարելի է վերցնել և օգտագործել»։
Վարդան Տողանյանը նաև հայտնել է, որ դիմել է ոչ միայն ՌԴ Գլխավոր դատախազություն, այլև «Ռոսկոմնադզոր»՝ նշելով, որ ԶԼՄ-ները պատասխանատվություն են կրում տեղեկատվության համար:
«Պետք է ելնել պատասխանատվությունից՝ հասկանալով, որ տվյալ դեպքում խոսքը սովորական զրպարտության, միմյանց նկատմամբ ատելության սովորական բորբոքման մասին է», – ասաց Տողանյանը:
Говорит Москва -ն նաև հայտնում է, որ նախօրեին «Ռուսաստանի հայերի միավորում» հասարակական կազմակերպությունը դիմել է Независимая газета-ին՝ պահանջելով հերքել հոդվածը։
Նշենք, որ Независимая газета- ում օրերս հրապարակվել է ադրբեջանցի լրագրող Լև Ասկերովի «Սումգայիթյան ողբերգություն. թե ինչից սկսվեց և ինչպես դա եղավ» հոդվածը, որի էությունը այն է, թե Սումգայիթի ջարդերը հրահրել և իրականացրել են հենց հայերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






