Եվրոպական երկրները և ԱՄՆ-ն հակամարտության կարգավորման հարցում մտադիր չեն օգնել հայկական կողմին, իսկ Փաշինյանի կառավարությունը իր դաշնակիցներին փոխելու բացահայտ աշխատանք է տանում։ «Говорит Москва» ռադիոկայանին այս մասին հայտնել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
«Սրանք Փաշինյանի կառավարության մանևրներն են: Փաշինյանի կառավարությունը վերջին կես տարում արդեն բացահայտ աշխատանք է տանում իր դաշնակիցներին փոխելու համար։ Ռուսաստանի փոխարեն՝ Արևմուտք։ Մի կողմից հայտարարում են, որ ցանկանում են ընդունել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման ռուսական տարբերակը, մյուս կողմից էլ միաժամանակ խոսում են ՀԱՊԿ-ում ակտիվ մասնակցություն չունենալու մասին՝ շատ լավ հասկանալով, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի կողմից ստեղծված միություն է»-ասել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա մամուլի ասուլիսում ասել է, որ Հայաստանը նպատակահարմար չի համարում 2023 թվականին ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել հանրապետությունում։ Նա այսպես է մեկնաբանել Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունների մասին լուրերը։ Նրա խոսքով՝ այս որոշման մասին Հայաստանի պաշտպանության նախարարն արդեն տեղեկացրել է կազմակերպությանը։
Հունվարի 1-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






