ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստում։ Բացման խոսքում ԱԳ նախարարը նշել է, որ ուրախ է վերստին հանդես գալ Մարդու մարդու իրավունքների խորհրդում՝ ներկայացնելով մի երկիր, որն այժմ հանդիսանում է այս հարգարժան մարմնի լիիրավ անդամ։
«ՄԱԿ-ի 75-ամյակին ընդառաջ մենք խորապես հավատացած ենք, որ վերջինիս առաքելությունը պետք է վերընդգծվի և ամրապնդվի։ ՄԱԿ երեք հիմնասյուները կարևոր են և սատարում են միմյանց։ Մենք ընդգծում ենք մարդու իրավունքների կենտրոնական դերակատարությունը, որն ազատության և քաղաքացիական անսահմանափակ մասնակցության արժեքները հարգող յուրաքանչյուր հասարակությունում կարող է վեր հանել մարդկային տաղանդը և կարողությունը՝ ի շահ անհատի և ընդհանուր բարիքի։ Մենք նաև կիսում ենք գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մտահոգությունը, որ մարդու իրավունքները վտանգված են: Անդրադառնալով գլոբալ մակարդակով նրա կողմից հնչեցված սթափվելու կոչին՝ Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում գլխավոր քարտուղարի Գործողությունների կոչին և սահմանված նպատակային ոլորտներին»,-ընդգծել է Մնացականյանը:
Նախարարի խոսքով՝ ՀՀժ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդին անդամակցելն ուղեկցվում է 2018թ․ ապրիլ-մայիս ամիսների ոչ բռնի, խաղաղ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանի կողմից արձանագրած կարևոր առաջընթացով։
«Մեր բարեփոխումները լայնածավալ են, դրանք հիմնված են հայ ժողովրդի անսասան աջակցության, լայն մանդատի և կառավարության քաղաքական ամուր կամքի վրա` շոշափելի արդյունքներով առաջ մղելու ժողովրդավարական վերափոխումները հանուն բարեփոխումների հիմնական շահառուի՝ ՀՀ քաղաքացու»,-նշել է նա:
Մնացականյանն ընդգծել է, որ բարեփոխումները տարածվում են բոլոր այն ոլորտների վրա, որոնք կոչված են ապահովելու ազնիվ և կայուն հաստատությունների կենսագործունեությունը և նպատակ ունեն պահպանելու ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները:
«Իրապես անկախ և անաչառ դատաիրավական համակարգի ձևավորումը մեր ներկա բարեփոխումների օրակարգի առանցքն է: Ապրիլի 5-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն կոչված է ՀՀ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ դատաիրավական համակարգի բարեփոխմանը»։
Մնացականյանը փաստել է, որ Հայաստանի առաջընթացը պատշաճ կերպով արտացոլվել է մի շարք միջազգային վարկանիշներում և ցուցանիշներում: Ըստ «Թրանսփերենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի սահմանման ինդեքսի՝ 2019թ․ Հայաստանը բարելավել է իր վարկանիշը 28 կետով: Լրագրողներ առանց սահմանների «Համաշխարհային մամուլի ազատության» ինդեքսում Հայաստանը ընդամենը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 19 կետով: Անցյալ տարի Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց համացանցի ազատության ոլորտում և դասվել լավագույն ցուցանիշն ունեցող 10 ազատ երկրների շարքում:
«Հայաստանի ՄԻԽ-ին միանալը համընկել է ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի երրորդ փուլի հետ, որը մենք ներկայացրինք այս հունվարին: Մենք երախտապարտ ենք և մեզ համար ոգևորիչ է Հայաստանի՝ բարեփոխումների իրականցմանն ուղղված ջանքերի լայն ճանաչումը, ինչն արտահայտվեց ՄԱԿ համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի ժամանակ հնչեցված բազմաթիվ ելույթներում»,-նշել է նա:
Նախարարը նաև արձանագրել է Մարդու իրավունքների խորհրդի դերը՝ ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում․ «Մարդու իրավունքների խորհուրդը եղել և մնում է ՄԱԿ-ի շրջանակներում կարևորագույն հարթակ՝ զանգվածային վայրագությունների ու ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային կարողությունների ամրապնդման համար, մի ոլորտ, որտեղ Հայաստանը երկար տարիներ հանդիսանում է առաջամարտիկ: Մենք մտադիր ենք Խորհրդի այս նիստին ներկայացնել «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի նոր նախագիծ: Մենք ակնկալում ենք անդամ պետությունների և այլ շահառուների հետ բաց, ներառական և կառուցողական խորհրդակցություններ: Համոզված ենք, որ այս Խորհուրդը, դրա հատուկ ընթացակարգերը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդատուի գրասենյակը պետք է շարունակեն մարդու իրավունքների, ցեղասպանության և զանգվածային վայրագությունների զանգվածային խախտումների կանխարգելումը խթանելու և ամրապնդելու գործում իրենց առաջնային դերակատարությունը»։
ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ–ի ամբիոնից խոսել է Արցախի մասին։
«Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ուժի և հարկադրանքի կիրառման սպառնալիքին: Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների հետևողական խոչընդոտումը, Արցախի ժողովրդի նկատմամբ անհանդուրժողականությունը, ատելությունը, խտրականությունը և բացահայտ ագրեսիան հանդիսանում են հակամարտության սկզբնապատճառը: Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ քաղաքներում ու գյուղերում հայկական փոքրամասնության հանդեպ սանձազերծված ջարդերը, էթնիկ զտումները և բռնագաղթը, 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմն ու ագրեսիան, հային սպանելու համար դատապարտված մարդասպանների հերոսացումը վկայում են Ադրբեջանի հետևողական ագրեսիվ քաղաքականության մասին: Դրանք գոյապահպանական, ֆիզիկական անվտանգության սպառնալիք են Արցախի ժողովրդի համար: Այս սպառնալիքի մասին մեզ հիշեցվել է Լեռնային Ղարաբաղի դեմ 2016թ. ապրիլին վերսկսված ագրեսիայի փորձով:
Հայաստանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն ճանաչված մանդատի ձևաչափի շրջանակներում և Հայաստանն ընդգծում է Արցախի անվտանգության և կարգավիճակի գերակայությունը: Արցախի ժողովուրդն իրավունք ունի առանց որևէ սահմանափակման ազատորեն որոշելու իր քաղաքական կարգավիճակը, ազատորեն հետամուտ լինելու իր տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա է խաղաղ կարգավորման առանցքը: Հայաստանը նաև ընդգծում է ատելությունը և անհանդուրժողականությունը բացառելու և մարդկանց միջև շփումներ խթանելուն ուղղված լուրջ ջանքեր ներդնելու կարևորությունը: Հավասարապես, խստորեն բացառվում է ուժի սպառնալիքը: Հայաստանն ու Արցախը հանձնառու են աշխատելու 2019թ.-ին գրանցած համեստ արդյունքների վրա:
Հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց համար մարդու իրավունքների լիարժեք իրացմանը նպաստելն ու աջակցելը պետք է լինի հավաքական նպատակ միջազգային հանրության համար: Մարդու իրավունքները և այդ իրավունքները իրացնողները չեն կարող դիտարկվել որպես խնդիր: Նրանք են լուծումը»:
Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաև Արցախում
մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին և նշել, որ սրանով արցախցին կիրացնի իր՝ ժողովրդավարական ձևով կյանքը կազմակերպելու լեգիտիմ իրավունքը:
«Պատերազմի, պաշարման և ագրեսիայի միջով անցած, ինչպես նաև մինչ օրս պատերազմի սպառնալիքի առերեսվող Արցախի ու Արցախի ժողովրդի հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության համար ձևավորելու ամուր ժողովրդավարական հասարակություն և կառույցներ արժանի է լիակատար միջազգային աջակցության։ Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պետք է հարգվեն, պաշտպանվեն և խթանվեն՝ առանց որևէ տարբերակման, ներառյալ «ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակի»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
Իր խոսքի եզրափակիչ մասում Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է, որ Հայաստանը վերահաստատում է իր աներկբա հանձնառությունը և աջակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմին, որն հանդիսանում է միջազգային համագործակցության էական հարթակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






