Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»–ի շտաբի քարոզարշավի համար միջոցների հավաքագրման ժամանակ օրենսդրության ոչ մի խախտում չի եղել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Այո» քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաք երեկոյի ժամանակ հավաքվել է 205 միլիոն դրամ, մինչդեռ հանրաքվեի մասին օրենքով նախատեսվում է, որ հանրաքվեի քարոզարշավի համար հատկացվող գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն դրամը։
Պապիկյանի խոսքով՝ միջոցների հավաքագրումը կազմակերպվել է կուսակցության կողմից և ոչ միայն քարոզարշավի կազմակերպման նպատակով։
«Սա «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաք երեկոն է, ոչ թե «Այո»–ի շտաբի։ Հասկանալի է, որ մնացած գումարը կհատկացվի կուսակցության ներկա կարիքներին։
«Այո»–ի շտաբի ծախսերը 100 միլիոնը չեն գերազանցի, հավաստիացնում եմ»,– նշեց Պապիկյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






