Համաշխարհային մարտահրավերներով լի այս բարդ ժամանակահատվածում Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Ձեր բարձր առաքելությանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավերոլվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։
«Հավատացած եղեք, որ Հայ ժողովուրդը կիսում է բարեկամ Ֆրանսիայի հետ մեզ միավորող ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և քաղաքակրթական բարձրագույն արժեքները։ Թույլ տվեք հայ ժողովրդի և անձամբ իմ անունից մաղթել Ձեզ անկոտրում կամք ու անսպառ եռանդ՝ ֆրանսիացի ժողովրդին առաջնորդելու և նորանոր հաջողություններ ու մեծ նվաճումներ ձեռք բերելու համար»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև Մակրոնին շնորհավորել է Սուրբ ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն բոլոր նախաձեռնություններում։
«Հուսով եմ, որ հայ և ֆրանսիացի բարեկամ ժողովուրդների համար գալիք տարին կլինի լեցուն խաղաղությամբ ու նոր ձեռքբերումներով՝ ի նպաստ մեր երկրների առանձնահատուկ գործակցության խորացման և մեր ժողովուրդների անսասան բարեկամության ամրապնդման»,- ասել է վարչապետը։
Ֆրանսիայի նախագահին շնորհավորել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անգնահատելի համարելով Մակրոնի անձնական ներդրումը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում:
«Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ու մեր երկրների առանձնաշնորհյալ հարաբերությունները, առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական գործակցության հետագա ընդլայնման և խորացման համար: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացմանը»,- նշել է նախագահը:
Նա նաև բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերը և, մասնավորապես, Մակրոնի անձնական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և արդարացի լուծման գործում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






