Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուս դիվանագետն ասել է, որ իրավիճակն առաջացել է հանքաքարի հանքավայրերի շահագործման վերաբերյալ կողմերի տարաձայնությունների պատճառով։
«ՌԴ ՊՆ-ն և ռուսական խաղաղապահ զորախումբն այս օրերին ակտիվորեն աշխատում էին իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Մենք անհամբեր սպասում ենք մոտ ապագայում լիարժեք տրանսպորտային կապի վերականգնմանը»,- ասաց նա։
Զախարովան ընդգծել է, որ Լաչինի միջանցքը կապ է ապահովում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև և գտնվում է խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության տակ։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելիս կողմերը ստանձնել են համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է խստորեն պահպանվեն։ «Անընդունելի է խաղաղ բնակչության կյանքի համար խնդիրներ ստեղծելը», — ասել է Զախարովան։
Նա նաև ընդգծել է, որ մեղադրանքներն ու սադրիչ գործողությունները ռուս խաղաղապահների հասցեին անընդունելի են և հակաարդյունավետ՝ «որտեղ էլ որ լինեն»: «Ռուսական խաղաղապահ զորախումբն արդյունավետ կերպով կատարում է իր խնդիրները՝ հանդես գալով որպես տարածաշրջանում կայունության երաշխավոր»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






