Տրամադրված ենք մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այս մասին խորհդրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Չեմ կիսում այն մոտեցումը, թե խաղաղության վերաբերյալ շրջանակային պայմանագրի դեպքում խնդրահարույց հարցերը դուրս են մղվելու, որովհետև պետք է հասցեագրենք բոլոր խնդիրները»,- նշեց նա:
Մեկնաբանելով Փաշինյանի երեկվա հայտարարությունը՝ կապված շրջանակային պայմանագիր կնքելու առաջարկի հետ, ասաց.
«Վարչապետի խոսքը հետևյալի մասին էր. քանի որ այս պահին դժվար է Ադրբեջանի հետ դետալային հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել, և ձգձգումներն անգամ էսկալացիայի ռիսկեր են բերում, մենք նման առաջարկով ենք հանդես եկել: Բայց սա չի նշանակում, որ այդ ճանապարհով գնալու ենք, քանի որ ադրբեջանական կողմն ապակառուցողական քաղաքականության հետևանքով որոշակի գործընթացներ վիժեցնում է:
Խոսքն ընդհանուր կարմիր գծերը ֆիքսելու մասին է, ինչի հենքի վրա կկարողանանք առաջ շարժվել: Մեր կարմիր գծերը ֆիքսված են. ասել ենք, որ ՀՀ 29 800 քառակուսի կմ տարածքը մեզ համար կարմիր գիծ է, ինչը նշանակոմ է, որ այս պահին ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ելման դիրքեր»,- նշեց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է մինչև տարեվերջ որևէ փաստաթուղթ, այդ թվում՝ վերոնշյալ շրջանակային պայմանագիրը կնքվի, և արդյո՞ք այդ վայրը կարող է դառնալ Վրաստանը՝ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը շեշտեց. «Եթե մեր կարմիր գծերը չեն հատվում, բնականաբար, կարող է»:
Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց. «Տրամադրված ենք մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիր ու ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ պայմանագիրը ստացվի»:
Հիշեցնենք՝ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստ է խաղաղության վերաբերյալ փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հենքի վրա շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: