Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանում է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում նշեց, որ երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանն ու Սլովակիան ձևավորել են փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններ՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Հայաստանում Սլովակիայի նստավայր-դեսպանության հիմնումը որակապես նոր մակարդակի կբարձրացնի և կհարստացնի մեր երկկողմ օրակարգը։
Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը, խոսելով արցախյան հակամարտության մասին, ողջունեց վերջին շրջանում նախարարներ Մնացականյանի և Մահմեդյարովի, ինչպես նաև Մյունխենում երկու երկրների ղեկավարների՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպումները:
«Սլովակիան աջակցում է Արցախյան հիմնախնդրի լուծման Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Մենք ամբողջությամբ վստահում ենք նրանց աշխատանքին»,- նշեց Միրոսլավ Լայչակը՝ հավելելով, որ Զոհրաբ Մնացականյանի հետ յուրաքանչյուր հանդիպման քննարկումների մաս է կազմում Լեռնային Ղարաբաղը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






