ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, Քարնեգի հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ: Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։
Հանդիպմանը Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները՝ մատնանշելով, որ նման քայլով Բաքուն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը: ԱԽ քարտուղարն ընդգծել է Երևանի հաստատակամությունը ժողովրդավարության ուղով ընթանալու հարցում:
Գրիգորյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին: Հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպիսին է՝ ժողովրդավարությունը և տնտեսական համագործակցությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







