Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքը։
Դատարանը որոշել է մերժել դատախազների կողմից բերված բողոքը և օրինական ուժի մեջ թողնել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը՝ հիմք ընդունելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Նշենք, որ 2018 թ․ հուլիսի 30-ին՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:
Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբդատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանիներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:
ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։ Քոչարյանը երրորդ անգամ կալանավորվել է հունիսի 25-ին. Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ որոշել էր կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






