Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Վերջինս գլխավորում է ՌԴ պատվիրակությունը, որը Երևանում մասնակցում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին, Հայ-ռուսական գործարար երկխոսությանը և Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպմանը:
Վարչապետը նշել է, որ չնայած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանին լարվածության պահպանմանը՝ որոշում է կայացվել չհետաձգել միջոցառումները, որոնք ուղղված են Հայաստանի և ՌԴ-ի միջև տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող համատեղ միջոցառումները կնպաստեն հետագա փոխգործակցության ընդլայնմանը:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






