Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կապակցությամբ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ղեկավարության կարգադրությամբ Ադրբեջանի տարածքում դադարեցվել են բոլոր ուսումնավարժական թռիչքները: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլընին:
Վագիֆ Դարգյահլըի խոսքով մինչև ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման հանգամանքների բացահայտումը Ադրբեջանի ՌՕՈՒ-ն ժամանակավորապես դադարեցրել է ուսումնավարժական թռիչքները, միաժամանակ, մարտական հերթապահությունն իրականացվում է պլանավորված ձևով։
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին տեղական ժամանակով 22:00-ի սահմաններում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը անհետացել է ռադարներից: Նախնական վարկածով ռազմական ինքնաթիռն աղետի էր ենթարկվել և ընկել Կասպից ծովը: Ադրբեջանի ՊՆ տվյալներով՝ կիրառվում են օդաչուի որոնման և փրկման անհետաձգելի միջոցներ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որն սկսել է վթարի պատճառների հետաքննությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






