«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակում աշնանը Գյումրիում կմեկնարկի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիրը։
Գյումրու ավագանին դեռ հունիսի 20-ի արտահերթ նիստում էր որոշել քաղաքի Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցի 2/4 հասցեում գտնվող նախկին ռադիոգործարանի հանրակացարանի երկու շենքերն անհատույց տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «Մեր Գյումրի» ծրագրի իրականացման համար։
Սոցիալական բնակարանաշինության այս ծրագիրը կյանքի կոչելու առաջին քայլերն արդեն արված են: Հուլիսի 14-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած հեռուստամարաթոնի ժամանակ արդեն հավաքվել է շուրջ 1 մլն 437 հազար 408 դոլար: Դրամահավաքին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Արմեն Սարգսյանը նվիրաբերել է իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23.000 դոլար։
Հավաքված գումարը բավարար է միայն մեկ շենքի վերակառուցման համար, սակայն այս պահին էլ նվիրատվությունները շարունակվում են: Հիմնադրամում հույս ունեն մինչև ծրագրի մեկնարկը հավաքել նաև երկրորդ շենքի համար անհրաժեշտ գումարը:
Այս ծրագիրն աննախադեպ է Գյումրիի համար, քանի որ շահառուների բնակարանային խնդրի լուծման հետ մեկտեղ՝ նրանց կտրվի աշխատելու, կրթվելու, զարգանալու և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն:
Շենքը կապահովի արևային ֆոտովոլտային վահանակներով, ինչից կուտակված էներգիայի խնայողություններով կփոխհատուցվեն շենքի, հարակից տարածքի խնամքի և այլ կարիքների գումարը: Նորակառույցի առաջին հարկը նախատեսված է ապահովել բնակիչների զբաղվածությունը. այստեղ կլինի ապագա բնակիչների մասնագիտություններին, հմտություններին և նախասիրություններին համապատասխան հարմարեցված հարթակ: Կբացվեն ամենատարբեր սրահներ՝ վարսահարդարման, ոսկերչական, խոհարարական, համակարգչային, նկարչական, որտեղ նաև ուսուցում կիրականացվի:
Նորակառույցը նաև կունենա կանաչապատ տարածք, որը հարամարավետ և հաճելի հանգիստ կապահովի թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Շենքերի հոսանքն էլ ապահովվելու է արևային վահանակների ու տաքացուցիչների միջոցով։
Ընդհանուր առմամբ, շենքերի վերակառուցումից հետո գյումրեցի շուրջ 80 ընտանիք հնարավորություն կունենա ապրել և աշխատել մեկ վայրում։ Բնակարանները նախատեսվում է տրամադրել ծրագրի մեկնարկից մեկ տարի անց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






