Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը։ Ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ողջ պատասխանատվությունը դրել է Հայաստանի վրա, միաժամանակ նշելով, որ քանի դեռ «ադրբեջանական հողերն ազատագրված չեն», նման միջադեպերի հավանականությունը բարձր է:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան նշել է, որ այս հարցում այլ մեղավորներ փնտրելը ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն:
«Քանի դեռ Հայաստանի զինված ուժերը ներկա են Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներում նման միջադեպերի հավանականությունը շատ բարձր է: Նման դեպքերը կանխելու միակ ճանապարհը Հայաստանի զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքներից ապահովելն է»,- ասել է Լեյլա Աբդուլլաևան:
Հիշեցնենք, հուլիսի 27-ին և 28-ին ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների գործողությունների հետևանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը և վիրավորվել է ևս երկու զինծառայող:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






