Լեհաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը hուլիսի 30-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի (Jacek Czaputowicz) հետ։
Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով փոխգործակցության հետագա խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես անդրադարձել են բարձր մակարդակի այցերին և առևտրատնտեսական կապերին։ Զրուցակիցներն առանձնակի կարևորել են ԵՄ ԱլԳ շրջանակներում համագործակցությունը և ԱլԳ հաջորդ տասնամյակի գործունեության համար նոր օրակարգի մշակման նպատակով համատեղ աշխատանքը։
Սամվել Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունների կողմից իրականացվող բազմաբնույթ և խորը բարեփոխումները, ՀՀ գործընկերներից ակնկալվող աջակցության ոլորտները։ Այս համատեքստում, կարևորվել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի շուտափույթ վավերացումը Եվրոպական միության բոլոր անդամ երկրների կողմից և դրա լիարժեք իրականացումը։
ՀՀ դեսպանը Լեհաստանի արտգործնախարարին ներկայացրել է Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումները։
Յացեկ Չապուտովիչը Լեհաստանի կառավարության անվերապահ աջակցությունն է հայտնել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափի շրջանակներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






