Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, հուլիսի 30-ին այցելել են ՊԲ-ի այն զորամասեր, որոնցում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում քաղաքացիական բարձրագույն կրթությանը զուգահեռ ռազմական համապատասխան կրթություն ստանալուց հետո, զորային փորձուսուցում են անցնում հայկական բանակի կրտսեր օղակի սպայակազմի ապագա ներկայացուցիչները:
Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Բարձրաստիճան պաշտոնյաները հետաքրքրվել են ապագա սպաների ծառայության պայմաններով, կարևորել ՊԲ-ի հետ համագործակցության տվյալ ձևաչափն ու պատասխանել անձնակազմին հետաքրքրող հարցերին:
Կարեն Աբրահամյանը Գաբրիել Բալայանին ու Օնիկ Գասպարյանին ծանոթացրել է, ՀՀ զինված ուժերի մի շարք զորամասերի օրինակով, ՊԲ-ի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում ներդրված անձնակազմին սննդով ապահովելու ծրագրի փորձնական ընթացքին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







