Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրվելու կապակցությամբ, ինչի հետևանքով հայ զինծառայող է սպանվել, երկուստեք կան վիրավորներ։
Մարիա Զախարովայի խոսքով լարվածության աճը հակասում է կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին և քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելու հայտարարված մտադրություններին:
«Մենք ելնում ենք նրանից, որ իրավիճակի հետագա սրումն անթույլատրելի է և կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի գործադրումից, ձեռնարկել իրադրության կայունացմանն ուղղված միջոցներ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել էՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող 1995 թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։
Հուլիսի 27-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






