«Սանիթեք» ընկերությունը Երևանի քաղաքապետարանին առաջարկում է մեկտեղել ջանքերը՝ քաղաքի աղբահանությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։ Այս մասին այսօր տեսաուղերձով ասել է ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը։
Թավիլը նշել է, որ ընկերությանը վատաբանելու փոխարեն արդյունավետ կլինի համատեղել ջանքերով լուծել ստեղծված խնդիրները։
Ըստ Թավիլի՝ աղբահանության խնդիրները լուծելու համար պետք է վերանայվի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագիրը, քանի որ ներկայիս պայմանագրով հնարավոր չէ պատշաճ իրականացնել աշխատանքները։
Աղբահանության ճգնաժամը լուծելու համար ընկերության տնօրենն առաջարկել է կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր։
Որպես կարճաժամկետ լուծում առաջարկելով մեկտեղել ջանքերը՝ օգտագործելով քաղաքապետարանի կողմից արդեն իսկ ձեռք բերված աղբատար մեքենաները և աղբադույլերը։
Իսկ երկարաժամկետ ծրագրի շրջանակներում, «Սանիթեքի» տնօրենի խոսքով, ընկերությունը պատրաստ է 4 մլն դորլար ներդրնել նոր աղբատար մեքենաներ և աղբադույլեր գնելու համար, ինչպես նաև տարեկան ներդրում կատարել 500 աղբամանի ձեռքբերման համար և եղած ավտոպարկը հնարավորինս արդիականացնելու համար։
Ընկերության գործունեության և կառավարման արդյունավետության բարձրացման համար «Սանիթեք»-ը պատրաստ է ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքներ՝ թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու նպատակով, ինչպես նաև վերակառուցել առկա ֆինանսական պարտավորությունները։
Այնուամենայնիվ, համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու համար, ընկերության տնօրենի խոսքով, անհրաժեշտ է, որ Երևանի քաղաքապետարանն էլ պարտավորվի մշակել և ներդնել աղբի կառավարման քաղաքականություն, գործողությունների ծրագիր և այլն։
Անդրադառնալով ընկերության նկատմամբ հարուցված քրեական գործին՝ Նիկոլաս Էլ Թավիլը հայտարարել է, որ այն անօրինական և անհիմն է ու քաղաքական դրդապատճառ ունի: Ըստ Թավիլի՝ իշխանությունները փորձում են սպառել ընկերության ֆինանսական ռեսուրսները:
«Մենք արել ենք առավելագույնը աղբահանումը պատշաճ կազմակերպելու համար, սակայն այսօր ընկերությունը հայտնվել է բարդ իրավիճակում»,- հավելել է Նիկոլաս Էլ Թավիլը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






