Եվրամիությունը չի էլ թաքցնում, որ իր առջև նպատակ է դրել դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի հետ Մոսկվայի եռակողմ աշխատանքին միջամտելու Բրյուսելի փորձերը տեղի են ունենում Ռուսաստանի դեմ Արևմուտքի սանձազերծած պատժամիջոցների և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով համատեղ աշխատանքի դադարեցման ֆոնին։
«Սրանք զրոյական արդյունքով աշխարհաքաղաքական խաղեր են, որոնք մենք չենք խաղում։ Մենք ամեն օր զբաղվում ենք գործնական աշխատանքով, որը հիմնված է մեր ղեկավարների և արտգործնախարարների անմիջական շփումների, մեր երկրների պատմական բարեկամության, շահերի միահյուսման և տարածաշրջանում ավելի ապահով և բարգավաճ ապագա կառուցելու վրա»,- ասել է դիվանագետը։
Մոսկվան սերտ կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ և ձեռնարկում է բոլոր միջոցներն իրավիճակը հնարավորինս արագ կայունացնելու համար՝ եզրափակել է Գոնչարը։
Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի նախորդ եռակողմ հանդիպումները տեղի են ունեցել 2021 թվականի դեկտեմբերին, 2022 թվականի ապրիլին և մայիսին Բրյուսելում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






