Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն այս տարի և եկող տարվա ընթացքում շարունակելու է մեծ թվով պրոֆեսիոնալ ռազմական տեխնիկայի ներկրումը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Ըստ Արտակ Դավթյանի՝ Հայաստանը ձեռք կբերի հակաօդային, հակահրթիռային պաշտպանության էլեմենտներին, հեռահար խոցման, ճշգրիտ խոցման միջոցներ: Դրանք նաև ավելացնելու են հետախուզության կրակային հզորությունները մեր զինված ուժերում:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը նշել է, որ Արցախում արդեն փորձարկումներ են անցել արցախյան ռազմարդյունաբերության կողմից մշակված որոշակի ռազմական տեխնիկայի նմուշներ, հիմնականում նշանոցներ, հակաօդային պաշտպանության և կրակի կառավարման միջոցներ:
«Համագործակցության շրջանակներում հույս ունենք Արցախի Հանրապետությունից վերցնել նման միջոցներ, որովհետև բավականին արդյունավետ են, գին-որակ համադրության մեջ մեզ համար բավականին հետաքրքիր են»,- ասել է Արտակ Դավթյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Ռուսաստանից պատվիրված Սու-30 ինքնաթիռները, պայմանավորվածության համաձայն, Հայաստանում կլինեն այս տարվա վերջ–հաջորդ տարվա սկիզբ ընկած ժամանակահատվածում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






