Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ձեռնարկվում են միջոցներ՝ Եռաբլուր զինվորական պանթոնում վնասված գերեզմանաքարերը նախկին տեսքին վերադարձնելու, ինչպես նաև հետագայում նման դեպքերը բացառելու, հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հերքել է լուրերը, որ բանակում ճնշումներ ու դաստիարակչական միջոցառումներ են իրականացվում աթեիստների նկատմամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «ապրիլյան պատերազմի» հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութեր էին լցրել։ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։
Արդյունքում՝ Աշտարակի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ կատարում շիրմաքարերի մոտ։ Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։ Երևանի բնակիչ, 51-ամյա կնոջ հայտնածով՝ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






