Համահայկական խաղերին ընդառաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հավաքի շրջանակներում ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թ․ գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները պետք է ուղղակի ազդեցություն ունենան Սփյուռքի և Արցախի կյանքի վրա և հայ ժողովուրդն է իր հայրենիքի իրավատերը, ճակատագրի որոշողն ու պատասխանատուն: Սա մի գիտակցություն է, որը նստած է յուրաքանչյուր հայի մեջ:
«2018 թվականի հեղափոխությունը նաև դրա ապացույցն է: Զարգացումները չսահամանափակվեցին միայն Հայաստանով: Հեռավոր քաղաքներում ապրող հայերը հրապարակային միջոցառումներով, սոցիալական ցանցերում ակցիաներով ունեցած իրեն ներդրումը: Իսկ ինչպիսի՞ դեր է ունեցել Արցախը: Հազարավոր արցախցիներ, ուսանողներ, քաղաքական գործիչներ ակտիվորեն ներգրավված են եղել հեղափոխության գործընթացներին: Բավական է ասել, որ ամենաակատիվ դեմքերից մեկը Ազգային անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղարը, ով հաշվառված էր Արցախում, մասնակցել է որպես Արցախի հպարտ քաղաքացի»,-նշել է ՀՀ վարչապետը:
2018 թ․ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակահատվածում արցախցին կարողացավ կայունություն ապահովել առաջնագծում։ Առաջնագծում ցանկացած սադրանք կարող էր գլխիվայր շրջել գործողությունների տրամաբանությունը և բերել անկանխատեսելի հետևանքների:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մշտապես կանգնած է Արցախի թիկունքին և հայկական երկու պետությունները ամուր կապված են միմյան հետ բոլոր առումներով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև մինչև 2050 թ․զարգացման ռազմավարական նպատակները։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի բնակչությունը մինչև 2050 թ․ պետք է դառնա առնվազն 5 միլիոն, պետք է ստեղծվի 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, պետք է լուծվի 2,5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացվի աղքատությունը, Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր, պետք է տասնհինգապատկվի Հայաստանի համախառն ներքին արդյունքը, պետք է ունենանք 10 միլիարդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, յոթապատկվի միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով պետք է զբաղեցնենք աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում, պետք է ունենանք աշխարհի տասը ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, պետք է ապահովվի առողջապահական ծառայությունների 100 %-անոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկվի, կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը պետք է քսանապատկվի, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը պետք է անցի 15 միլիոնի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պետք է դառնա Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, պետք է նվաճվի 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատերը կհարցնեն, իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ․
«Պատասխանը շատ պարզ, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






