Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայի քաղաքային հիվանդանոցի և Ստամբուլ-Իզմիր մայրուղու բացման արարողության ժամանակ ակնարկել է Եփրատ գետից արևելք ընկած տարածքում ռազմական գործողություններ ծավալելու մասին:
Էրդողանը այդ կապակցությամբ ասել է, որ Սիրիայի տարածքից Թուրքիային ուղղված սպառնալիքը կանխելու համար է Անկարան մտել է Աֆրին, Ջերաբլուս և Էլ-Բաբ, իսկ հիմա կմտնենք Եփրատ։
Էրդողանը նշել է, որ Եփրատի արևելք ներխուժելու վերաբերյալ հայտնել է ԱՄՆ-ին և Ռուսաստանին:
Ըստ Էրդողանի՝ հնարավոր չէ գործողություններ չձեռնարկել այն դեպքում, երբ Սիրիայի տարածքից շարունակվում են Թուրքիայի ուղղությամբ կրակոցները:
«Մեր համբերությունը անսպառ չէ»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նշենք, որ Թուրքիան առաջին անգամ չէ, որ զգուշացնում է Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու մասին։ Թուրքիան Սիրիայի հյուսիսային շրջանները «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից մաքրելու պատրվակով 2016-2017 թթ․ ընթացքում իրականացրել է «Եփրատի վահան» ռազմական գործողությունները, որոնց շրջանակներում հարվածներ են հասցվել Սիրիայի քրդերին: Գործողությունները սկսվել էին սահմանային Ջերաբլուս քաղաքից, ապա թուրքական զորքերը մտել էին Էլ-Բաբ:
Ավելի ուշ՝ 2018 թ․, նույն պատրվակով թուրքական բանակը ռազմական գործողություններ էր սկսել Աֆրինի շրջանում, որը ստացել էր «Ձիթենու ճյուղ» անվանումը:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները հայտնել էին, որ եթե Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնության չհասնեն Սիրիայի հյուսիում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում, ապա Անկարան միայնակ այն կստեղծի՝ ռազմական գործողություններ սկսելով Սիրիայի քրդական ուժերի դեմ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






