Թուրքիայում 2016 թ․ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի դպրոցներից և գրադարաններից հանվել են ավելի քան 300․000 գրքեր և ոչնչացվել:
Անցյալ շաբաթ Թուրքիայի կրթության նախարար Զիյա Սելջուկը հայտարարեց, որ 301.878 գիրք է ոչնչացվել, քանի որ կառավարությունը ոչնչացնում է այն ամենը, ինչ կապված է ԱՄՆ-ում բնակվող մահմեդական հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որը Թուրքիայում մեղադրվում է 2016 թ․ ձախողված հեղաշրջումը հրահրելու մեջ: Գյուլենը հերքել է իր ներգրավվածությունը:
Այս ցուցանիշն առաջին անգամ հաղորդել է հայտնի Hürriyet թերթը` վառված գրքերի լուսանկարներով:
Ազատ խոսքի կազմակերպությունները նշում են, որ իրենք անհանգստացած են Թուրքիայի կրթության նախարարի մեկնաբանություններից:
«Ընդամենը երեք տարվա ընթացքում Թուրքիայում հրատարակչական գործունեությունը գրեթե ոչնչացվել է, և 29 հրատարակչություններ փակվել են արտակարգ որոշմամբ` «ահաբեկչական քարոզչություն տարածելու համար»,- ասվում է PEN International-ի և անգլիական PEN-ի համատեղ հայտարարության մեջ:
Անգլիական PEN-ի 2018 թ․ զեկույցում նշվում է, որ հեղաշրջման փորձից հետո արտակարգ իրավիճակից ելնելով` դադարեցվել են 200 լրատվամիջոցներ և հրատարակչական կազմակերպություններ, 80 գրողներ ենթարկվել են քննության և հետապնդումների, և 118 պետական համալսարաններից հեռացվել են 5822 ակադեմիկոսներ: Զեկույցը մատնանշում է Թուրքիայում «խոսքի ազատության ճգնաժամը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






