Ղրղզստանում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել երկրի նախկին ղեկավարի շտաբը:
Երկարատև բանակցություններից հետո Ատամբաևը որոշել է հանձնվել, նրան ավտոմեքենայով տարել են Բիշքեկի ուղղությամբ: Ատամբաևի հետ են նրա խորհրդականներ Ֆարիդ Նիյազովը և Կունդուզ Ժոլդուբաևան։
Ավելի վաղ Ղրղզստանի հատուկ ծառայությունները ձեռնարկել էին պետության նախկին ղեկավարի տան երրորդ գրոհը, ինչի հետևանքով նրանց հաջողվել էր ներխուժել նրա նստավայր:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի երեկոյան հանրապետության ուժայիններն Ատամբաևի ձերբակալման գործողությունն էին սկսել՝ Բիշքեկից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կոյ-Տաշ գյուղում, սակայն այն ժամանակ նրան ձերբակալել չհաջողվեց:
Ըստ վերջին տվյալների՝ գործողության ընթացքում զոհվել է հատուկ նշանակության ուժերի մի մարտիկ, տուժել 80 մարդ: Հանրապետության գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Զանգվածային անկարգություններ» և «Խուլիգանություն» հոդվածներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







