Կիրակի օրը Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները սպանել են մի զինված պաղեստինցու, ով նրանց ուղղությամբ կրակ էր բացել Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող բաժանիչ ցանկապատի տարածքում: Այս մասին հաղորդել են բանակի մամուլի ծառայությունից:
«Որոշ ժամանակ առաջ զինվորները հայտնաբերել են մի զինված ահաբեկչի, ով մոտենում էր Գազայի հատվածի հյուսիսային սահմանին գտնվող բաժանիչ ցանկապատին: Ահաբեկիչը կրակ էր բացել զինվորների ուղղությամբ:
Զինծառայողները պատասխան կրակ բացեցին ահաբեկչի ուղղությամբ: Ավելին` միջադեպի ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը կրակել են այդ շրջանում գտնվող ՀԱՄԱՍ-ի դիրքերի վրա», -ասվում է ռազմական պաշտոնական հաղորդագրության մեջ:
Իսրայելական պետական «Կան» ռադիոկայանը հայտնում է, որ զինված պաղեստինցին զոհվել է, իսկ իսրայելական կողմը զոհեր չունի: 24 ժամվա ընթացքում սա երկրորդ նման դեպքն է: Շաբաթ օրը առավոտյան իսրայելական զինված ուժերը սպանել են ինքնաձիգներով և նռնականետերով զինված չորս պաղեստինցիների, ովքեր մոտենում էին բաժանիչ ցանկապատին: