Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Անդրեյ Կարտապոլովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազա: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը Անդրեյ Կարտապոլովին ներկայացրել է ռազմաբազայի ստեղծման պատմությունը, ծանոթացրել դրա կառուցվածքին, գործունեությանը, ժամանակակից ռազմական տեխնիկային:
Այցի ընթացքում պատվիրակությունը նաև ծանոթացել է «Մեծ ամրոց» ռազմական ավանի զինծառայողների կյանքին և կենցաղին:
ՌԴ պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել Հայրենական մեծ պատերազմի հերոսների և Խորհրդային Միության կրկնակի հերոս գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձաններին։
Անդրեյ Կարտապոլովը գերատեսչական մեդալներ է հանձնել ռազմաբազայի՝ գերազանցությամբ աչքի ընկած սպաներին, ռազմաբազայի ռազմաքաղաքական աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Շուվալովին և այլն։
Նշենք, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի շրջանակներում:
ՌԴ-ն ու ՀՀ 2010 թ․ օգոստոսի 20-ին պայմանագիր են ստորագրել ռազմաբազայի՝ Հայաստանում գործունեությունը մինչև 2044 թ․ երկարաձգելու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






