Այսօր՝ օգոստոսի 13-ին ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ ԱՀ ԱԳՆ նշում է, որ հնարավորինս հետևում է ներարցախյան քաղաքական զարգացումներին և առաջիկա ՏԻՄ ու համապետական ընտրությունների հետ կապված իրավիճակին։ «Գտնում եմ, որ բացառիկ հնարավորություն է ստեղծված օրինակելի ընտրությունների անցկացման համար, և պատրաստ եմ ամեն ինչով նպաստել այդ ընտրությունների շուրջ դիվանագիտական առավել բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը»,-նշված է տեքստում։
Անդրադառնալով Արցախի համապետական ընտրություններին՝ Մասիս Մայիլյանը մասնավորապես նշել է. «Նաև չեմ կարող անտեսել համապետական ընտրություններին իմ մասնակցության ձևաչափի մասին բազմաթիվ հարցերն ու հարցումներն Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից ու Սփյուռքից։
Մեկ անգամ ևս հավաստելով մեր երկրի անվտանգ, ապահով, քաղաքակիրթ ու ժողովրդավարական լավագույն ապագայի հանդեպ իմ խիստ շահագրգռված լինելը և այդ ապագայի կերտման գործում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու իմ սկզբունքային պատրաստակամությունը՝ ուզում եմ տեղեկացնել, որ մտածում եմ այդ ուղղությամբ, պարբերաբար հետևում եմ հասարակական կարծիքի դրսևորումներին, մարդկանց իղձերին ու տրամադրություններին և ձգտելու եմ առավելագույնս օգտակար լինել այդ իղձերի իրականացմանը: Ուստի և, ըստ էության ,չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






