Լինելով աշխարհի ամենաարագ զարգացող և ամենազարգացած պետությունները՝ Չինաստանը և ԱՄՆ-ն միշտ գտնվում են տնտեսական խիստ մրցակցության մեջ։ Միաժամանակ, երկրները հանդիսանում են խոշոր գործընկերներ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման մեջ։
Ըստ համաշխարհային բանկի վիճակագրական տվյալների բազայի՝ ԱՄՆ-ի ապրանքաշրջանառությունը Չինաստանի հետ 2018 թվականին կազմել է 731,1 մլրդ ԱՄՆ դոլլար, արտահանումը՝ 179․3 մլրդ ԱՄՆ դոլլար և ներմուծումը՝ 557,9 մլրդ ԱՄՆ դոլլար։ Տվյալները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշիռը Չինաստանի հետ բացասական է, իսկ 2018 թ․-ին ԱՄՆ-ի ապրանքների ներմուծումը Չինաստանից կազմում է Չինաստանի ապրանքների ընդհանուր արտահանման ծավալի շուրջ 22%-ը։
Նշենք նաև, որ Չինաստանից ներմուծումն ԱՄՆ 2018 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 6․7%-ով, իսկ 2008 թվականի նկատմամբ՝ 59.7 %-ով։ Չինաստանը հանդիսանում է գյուղատնտեսական ապրանքների 3-րդ խոշոր արտահանող-գործընկերն ԱՄՆ-ի համար, ինչպես նաև մեծ են ավտոմեքենաշինության և էլեկտրոնային մեքենաշինության մասնաբաժինները։ Ծառայությունների ներմուծման մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն տրանսպորտի, զբոսաշրջության, զարգացման և վերլուծությունների ոլորտները։
Նման տնտեսություն ունեցող երկրին շահավետ է արժեզրկել իր սեփական ներքին արժույթը՝ ապահովելով ցածր փոխարժեք դոլլարի նկատմամբ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Դոնալդ Թրամփը հայտարարություն էր տարածել իր թվիթերյան էջում` մեղադրելով Չինաստանին արժույթի մանիպուլյացիայի մեջ և շեշտել, որ Չինաստանը չի ենթարկվում ԱՄՆ-ի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությանը, քանի որ կատարում է ներքին արժույթի արհեստական արժեզրկում՝ փոխարժեքի և առևտրային քաղաքականության վրա ազդելու մտադրությամբ:
Այս շրջանում փոխարժեքը հասել է վերջին 10 տարիների ռեկորդային արդյունքի՝ 7,09 յուան՝ մեկ դոլլարի համար։ Այս ոչ արդար «Մրցակցային առավելությունը» վերացնելու նպատակով Վաշինգտոնը պատրաստվում է համագործակցել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






