Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Մեծարգո պարո՛ն նախագահ, ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Վլադիմիր Զելենսկին իր հետևողական ջանքերի շնորհիվ կիրագործի Ուկրաինայի զարգացմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որի իրացումը բխում է երկու ժողովուրդների շահերից։
ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր որակ հաղորդել հայ-ուկրաինական բազմաոլորտ համագործակցությանը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ուկրաինայում բազմադարյան մեծաթիվ հայ համայնքի և Հայաստանում կազմակերպված ուկրաինական համայնքի առկայությունն ու գործունեությունը լրացուցիչ խթան է երկկողմ բարեկամական կապերի խորացման գործում։
«Մաղթում եմ Ձեզ, մեծարգո պարո՛ն Զելենսկի, հաջողություններ բոլոր նախաձեռնություններում ու ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






