Ընթանում է «Երթ հանուն Ամուլսարի փրկության» անունը կրող քայլերթը։ Նախնական ծրագրի համաձայն` քայլերթը մեկնարկեց Երևանի Ազատության հրապարակից։ Այն նախատեսված է անցկացնել Մաշտոց, Ամիրյան, Տիգրան Մեծ, Խանջյան, Սայաթ Նովա փողոցներով և ավարտել Ազատության հրապարակում։
Քայլերթի կազմակերպման նախաձեռնող կողմ է հանդիսանում «Ամուլսարն առանց հանքի» հանրային շարժումը։ Այն նպատակ է հետապնդում զորակցություն հայտնել Ջերմուկում` ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման պայքարող քաղաքացիներին։
Քայլերթի կազմակերպիչները հորդորում են բոլոր մտահոգ քաղաքացիներին ներկա գտնվել հանուն Ամուլսարի կազմակերպված այս միջոցառումներին։
Հանրային նախաձեռնող խումբը սահմանել է քայլերթի օրակարգային 3 նպատակ, այն է –
-Զորակցություն Ջերմուկում պայքարող հայրենակիցներին,
— Արտահայտել հստակ դիրքորոշում թե՛ ներքին իշխանություններին, թե՛ արտաքին ուժերին հարցի առնչությամբ,
-Ի ցույց դնել միասնականությունն ու հավաքական ուժը։
«Ամուլսարն առանց հանքի» հանրային նախաձեռնությունն իր առջև նպատակ է սահմանել՝
1. Իրազեկել քաղաքացիներին Ամուլսարի խնդրի մասին
2. Համախմբել հանրությանը այս համահայկական խնդրի շուրջ
3. Եվ իշխանություններին պահանջ ներկայացնել ուժը կորցրած ճանաչել 2016թ-ի շրջակա միջավայրի վրա հանքի ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը, ինչի համաձայն՝ Ամուլսարի հանքի շահագործումը վնաս չի հասցնի շրջակա միջավայրին։
Տիգրան Ամատունին ելույթ ունենալով երթի նախաձեռնության շրջանակներում՝ նշում է, որ հեղափոխական իշխանությունները առաջինն են եղել, որ շրջանառության մեջ են դրել «պատասխանատու հանքարդյունաբերություն» եզրույթը։
Նա հավելում է, որ «պատասխանատու հանքարդյունաբերություն» նշանակում է ոլորտի համապատասխանություն միջազգային չափանիշներին՝ հույս հայտնելով, որ առաջիկայում սա իր կիրառությունը կգտնի ՀՀ-ում՝ նախևառաջ նորմատիվ-իրավական ամրագրման հիմքով։
Նա անդրադարձ է կատարում նաև Ամուլսարի հանքի շահագործման առնչությամբ վերջին պաշտոնական դիտարկումներին, այն է՝ հանքի շահագործման համար սահմանել փորձնաշրջան (90 օր)․ փորձաշրջանի ընթացքում հանքի գործառնման արդյունքում շրջակա միջավայրին վնաս չհասցվելու պարագայում այն կշարունակի շահագործվել, իսկ հակառակ դեպքում նրա գործունեությունը կդադարեցվի։
Տիգրան Ամատունին կատարում է մի քանի հարցադրում․ թե արդյոք ինչպես է նորմատիվ և ռեալ քաղաքական հարթակներում սահմանվելու «վնաս» հասկացությունը, ինչն է համարվելու այդ «վնասը» և արդյոք սահմանված փորձաշրջանից հետո չի հասցվելու հիմնական վնասը։
Նա հավելում է, որ սահմանված ժամկետում հանքը գործի դնելուց հետո, այն այնուամենայնիվ կշարունակի գործառնել փորձաշրջանից հետո նույնպես, քանի որ հանքի փակման գործընթացը ֆինանսական լուրջ ծախսեր է իր մեջ պարունակելու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






