Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու թեման:
Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ մինչ օրս Սիրիայում կայունությունը պահպանելու ուղղությամբ Ռուսաստանի հետ կարևոր քայլեր է ձեռնարկել:
Թուրքիայի նախագահի խոսքով Անկարան ցանկանում է Մոսկվայի հետ համագործակցությունը շարունակել, քանի որ երկու երկրներն էլ ցանկանում են Սիրիայում արյունահեղության դադարեցնել և խաղաղություն հաստատել։
«Անվտանգության գոտու ստեղծումը տարածաշրջանի բնակչության անվտանգությանն ուղղված քայլ է և շատ է կարևորվում մեր կողմից»,- հայտարարել է Էրդողանը:
Պուտինը դրական է գնահատել Թուրքիայի կողմից անվտանգության գոտու ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերը:
«Անվտանգության գոտու ստեղծումը Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված կարևոր քայլ է: Ուստի, մենք աջակցում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը»,- հայտնել է Վլադիմիր Պուտինը:
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ ԱՄՆ-ում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները:
Թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են հասել, և օգոստոսի 24-ից սկսել է գործել համատեղ գործողությունների կենտրոնը, որը համակարգելու և ղեկավարելու է անվտանգ գոտու ստեղծման աշխատանքները:
Ոստիկանությունն արգելել է արցախցիներին երթ անցկացնել ու վրան տեղադրել Ազատության հրապարակում
Ոստիկանությունն արգելել է արցախցիների հանրահավաքի մասնակիցներին վրան տեղադրել Երևանի Ազատության հրապարակում, հայտարարել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը։...