Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը Հելսինկիում տեղի ունցած ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հաստատել է,որ Մեծ Բրիտանիան 2019 թ-ի հոկտեմբերի վերջին ԵՄ-ից դուրս կգա:
«Մենք դուրս կգանք ԵՄ-ից հոկտեմբերի վերջին, դա այն է ինչ պետք է լիներ և մեր գործընկերները պետք է դա հասկանան»,-ասել է Դոմինիկ Ռաաբը:
Այնուամենայնիվ արտգործնախարարն ընդգծել է, որ իրենք կշարունակեն ԵՄ-ի հետ համագործակցությունը բոլոր այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են Հելսինկիում՝ ներառյալ Իրանի միջուկային ծրագիրը, Հոնկոնգում տիրող իրավիճակը:
Դոմինիկ Ռաաբը հանդիպման ընթացքում նշել է, որ այս տարի իրենք ունեցել են պատմության մեջ ամենաերկար խորհրդարանական նիստերից մեկը և կարողացել են դիտարկել Brexit-ի գործընթացը բացարձակապես բոլոր տեսանկյուններից:
Չնայած նրան, որ օգոստոսի 28-ին երկրի վարչապետը՝ Բորիս Ջոնսոնը, հայտարարել է մինչև հոկտեմբերի 14-ը Միացյալ Թագավորության խորհրդարանի աշխատանքների դադարեցման մասին, այնուամենայնիվ արտգործնախարարը հանդիպման ընթացքում նշել է, որ խորհրդարան մինչև հոկտեմբեր կունանա բավարար ժամանակ վերջնական որոշում կայացնելու համար:
Հիշեցնենք, որ Brexit-ը պետք է տեղի ունենար այս տարվա մարտի 29-ին, սակայն խորհրդարանը մերժեց Բրյուսելի և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյի միջև ձեռք բերված համաձայնագրի նախագիծը, որից հետո Թերեզա Մեյը հրաժարական տվեց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






