Արցախի Հանրապետության օրվա առթիվ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել ռազմական տեխնիկայի և սպառազինության՝ այդ թվում նաև սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն:
Քաղաքացիները հնարավորություն են ունեցել մոտիկից ուսումնասիրել տեխնիկան, հետաքրքրվել յուրաքանչյուրի որակներով ու բնութագրիչներով:
Ռազմական տեխնիկայի ցուցադրության տաղավարներով շրջել է նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ պետական բարձրաստիճան այրերի ուղեկցությամբ:
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամանյանը նշել է, որ ցուցադրել են նոր տեխնիկան ու սպառազինությունը: «Մեր նպատակն է հագեցնել առաջնագիծը տեխնիկական միջոցներով, որը հստակ կբարձրացնի մեր զորքի կենսունակությունը: Ցուցադրված են տեղական արտադրանքները, որոնց մի մասն անցել է զորային փորձարկում, մի մասը դեռ փորձարկման մեջ է»,- ասել է Կարեն Աբրահամյանը: ԱՀ ՊԲ հրամանատարը ավելացրել է, որ ցուցադրությունը նպատակ ունի շեշտելու մեր դիրքերի ամրությունը, ունենալով այսպիսի զինտեխնիկա ստորաբաժանումները կարող են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը, որի վերջնանպատակը հաղթանակն է:
Հավելենք, որ «Վերածննդի» հրապարակում գործում է դաշտային խոհանոց՝ հյուրերին հնարավորություն ընձեռելով համտեսել զինվորական ճաշ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






