Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այն օրինագծերին, որոնք հնարավորություն կտան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի կազմի մեջ մտնել այն երկրների կառավարությունների ղեկավարներին, որոնց պետության օրենսդրությամբ դա նախատեսված է:
Սեպտեմբերի 5-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու և «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքների նախագծերին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի խոսքով՝ մի դեպքում փոփոխություն է կատարվում պայմանագրում, մյուս անգամ` կանոնադրությունում:
«Այս փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, և մինչ այդ ՀԱՊԿ-ում նախատեսվում էր, որ ղեկավար մարմնում են պետությունների ղեկավարները, ապա անհրաժեշտություն առաջացավ, որ կատարվի փոփոխություն, համաձայն որի` կարող է լինել նաև վարչապետը, եթե սահմանադրորեն դա նախատեսված է»,- նշեց Շավարշ Քոչարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






