ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Ջուդիթ Ֆարնուորթին իր պաշտոնավարման ընթացքում պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության խորացմանը միտված գործունեության համար՝ կարևորելով կանոնավոր ռազմաքաղաքական քննարկումների անցկացումը, ռազմավարական տարբեր ոլորտներում մասնագիտական խորհրդատվական աջակցությունը, տարբեր կրթական և վերապատրաստման ծրագրերը, համատեղ ռազմամշակութային միջոցառումների անցկացումը և այլն։
Ջուդիթ Ֆարնուորթին նշել է, որ համագործակցության շրջանակներում համատեղ ձեռքբերումները երկուստեք բարձր են գնահատվում և վստահություն հայտնել, որ փոխգործակցության զարգացումը շարունակական կլինի։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






