Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան իրենց երկրներում պահվող անձանց փոխանակում են կատարել «35-ը՝ 35-ի դիմաց» ձևաչափով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:
Փոխանակված քաղաքացիներով երկու ինքնաթիռները գրեթե միաժամանակ վայրէջք են կատարել Մոսկվայի և Կիևի օդանավակայաններում:
«Փոխանակումը կատարվել է: Մենք ողջունում ենք, և ուրախ ենք, որ Ռուսաստանի քաղաքացիները վերադարձել են տուն»,- ասել է նա:
Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստան է վերադարձել նաև «ՌԻԱ Նովոստի Ուկրաինա»-ի գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկին:
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան նշել է, որ փոխանակումը կատարվել է «35-ը՝ 35»-ի դիմաց ձևաչափով:
«Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակման պատմական ակցիան կայացավ»,–ասել է Մոսկալկովան։
Նա նշել է, որ պահվող անձանց փոխանակումը չի կարելի ավարտված համարել, դեռ շարունակվում է մոտ 50 տոկոս քրեական գործերի քննությունը։
Նշենք, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ամառվա վերջին սկսել էին աշխատանք տանել դատապարտված և ձերբակալված անձանց միաժամանակ ազատ արձակելու հարցի ուղղությամբ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքացիներին միաժամանակ ազատ արձակելու հարցը կլուծվի մոտ ապագայում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






