Սեպտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ:
Խորհրդարանականներն Արցախ են ժամանել սեպտեմբերի 8-ին հանրապետությունում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել ՀՀ խորհրդարանի պատգամավորների՝ Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու պատրաստակամությունը՝ այն համարելով երկու խորհրդարանների միջև համագործակցության գործնական դրսևորում: Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախը վճռական է ժողովրդավարական ճանապարհով իշխանությունների ձևավորման հարցում թե՛ տեղական, թե՛ համապետական մակարդակում:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հավաստել է պատվիրակության՝ հանրապետության ողջ տարածքում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրական գործընթացների ուղղությամբ փորձի փոխանակման պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ընտրական և տեղական ինքնակառավարման օրենսդրության կարգավորումներին և երկու խորհրդարանների պետաիրավական հանձնաժողովների համագործակցությանը վերաբերող հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






