ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական բարեկամական հարաբերություններին և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել և բազմապատկել այն բոլոր ձեռքբերումները, որոնք առկա են հայ-վրացական համագործակցության օրակարգում:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 8-ին կայացած նիստում վստահության քվե է տվել երկրի ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Գախարիային։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






