ՄԱԿ -ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Սիրիայի Իդլիբում հրադադարի մասին Գերմանիայի, Բելգիայի և Քուվեյթի կողմից առաջ քաշած բանաձևը, քանի որ կազմակերպության երկու մշտական անդամները՝ Ռուսաստանն ու Չինաստանը, դեմ են քվեարկել:
Փաստաթղթի ընդունմանն աջակցել են 12 երկրներ, որոնց թվում էին՝ բացի բանաձևի հեղինակներից, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կոտ դ’Իվուարը, Լեհաստանը, Դոմինիկյան Հանրապետությունը, Պերուն, Հարավային Աֆրիկան և Ինդոնեզիան: Քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել Հասարակածային Գվինեան։
Նշենք, որ Իդլիբի վերաբերյալ բանաձևի նախագիծը, որը ներկայացրել էին Բելգիան, Գերմանիան և Քուվեյթը, ենթադրում էր սեպտեմբերի 21-ին սիրիական ժամանակով կեսօրին կողմերի միջև կրակի դադարեցում: Փաստաթուղթը կոչ էր անում դադարեցնել կրակը, հարգել միջազգային իրավունքը և հումանիտար օգնություն տրամադրել ։
Ռուսաստանն ու Չինաստանը ներկայացրել են իրենց տարբերակը, որում կոչ է արվում սեպտեմբերի 20-ի կեսգիշերից դադարեցնել կրակը Իդլիբում։ Բացի այդ, փաստաթղթում Կողմերը մտահոգություն են հայտնել Իդլիբում դեկոնֆլիկտինգի տակ գտնվող օբյեկտների վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից ստացված տվյալների անհամապատասխանության կապակցությամբ:
Օրերս լուրեր էին տարածվել, որ ռուսական և սիրիական օդային ուժերը «հարվածներ են հասցրել քաղաքացիական օբյեկտներին» Իդլիբ նահանգում: Այդ տեղեկատվությունը հերքվել է ՌԴ Պաշտպանության նախարարության կողմից: Գերատեսչությունում ընդգծել են, որ ՌԴ օդատիեզերական ուժերի և Սիրիայի ԶՈՒ ինքնաթիռները չեն կատարում երկրի վրա թիրախները խոցելու որևէ մարտական խնդիր:
Հետագայում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ՄԱԿ-ի գործընկերները ներկայացրել են 11 օբյեկտների ցանկ, որոնք, իբր, «վնասվել են» օդից հարվածների հետևանքով:
Դիվանագետն ընդգծել է, որ ցանկում նշված կոորդինատները չեն համապատասխանում օբյեկտների փաստացի տեղակայմանը վայրերի հետ՝ հավելելով, որ ռուս զինվորականները Իդլիբի նկատմամբ «կանխամտածված ապատեղեկատվության տարածման բազմաթիվ օրինակներ են բացահայտել»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






