Հայ-լիբանանյան երկկողմ պաշտպանական համագործակցությունը հիմնված է երկու երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամության, փոխադարձ օգնության պատրաստակամության և ընդհանուր մոտեցումների վրա, ուստի ունի լուրջ հեռանկարներ։ Այս մասին սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Դավիթ Տոնոյանի խոսքով՝ Հայաստանն ու Լիբանանը պայմանավորվել են համագործակցել ռազմատեխնիկական, հետախուզական ոլորտներում, իրականացնել փորձի փոխանակում, համատեղ վարժանքներ, հետախուզական տեղեկատվության փոխանակում և այլն:
«Կարևորել ենք երկու երկրների ռազմական մշակույթի և պատմության փոխադարձ իրազեկման միջոցառումների անցկացումը»,-նշել է Դավիթ Տոնոյանը։
2018 թվականի նոյեմբերի 9-ին Դավիթ Տոնոյանի՝ Լիբանան կատարած այցի ընթացքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որն այժմ երկու երկրների խորհրդարաններում անցնում է վավերացման գործընթաց։
Դավիթ Տոնոյանը նշել է, որ ՀՀ-ում ավարտվել է համաձայնագրի վավերացման գործընթացը և առաջիկայում այն կստորագրի ՀՀ նախագահը։
«Այս համաձայնագիրը 2001 թվականից գործող համաձայնագրի արդիական տարբերակն է և ընձեռելու է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ավելի լայն շրջանակ»,- ընդգծել է Դավիթ Տոնոյանը։
Դավիթ Տոնոյանը գործընկերոջը ներկայացրել է Սիրիայում հումանիտար առաքելության նպատակներն ու խնդիրները։
ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայկական զորախումբը ոչ միայն Հայաստանի միջազգային պարտավորություններն է իրականացնում, այլև դա պարտքի յուրօրինակ վերադարձ է լիբանանցի ժողովրդին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






