Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սեպտեմբերի 12-ին կայացել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություն են ներկայացրել վերանայելու իրենց պաշտպանյալի խափանման միջոցն ու ընտրել այլ խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանից խնդրել է, որ գրավի չափը գնահատելու դեպքում նկատի ունենա, որ Քոչարյանի գույքը գտնվում է կալանքի տակ:
Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ որևէ փաստ, որը կարող էր գոնե կասկած առաջացնել Քոչարյանի կողմից քննությունից թաքնվելու, քննությանը խոչընդոտելու և որևէ այլ արարք կատարելու վերաբերյալ, առ այսօր ներկայացված չի և չի կարող ներկայացվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






