Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Մնացականյանն ընդունել է Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով լիբանանյան պատվիրակությանը՝ նախարար Մնացականյանը ընդգծեց, որ Հայաստանը և Լիբանանը միահյուսված են ամուր պատմական բարեկամական կապերով՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա:
Երկու կողմերն էլ փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին՝ քայլեր ձեռնարկելու տարբեր մակարդակներում առկա ակտիվ երկխոսության պահպանման, փոխգործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող օրակարգի առավել ամրապնդման և հարստացման ուղղությամբ:
Զրուցակիցները հանդիպման ընթացքում կարևորեցին հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները, որի անցկացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանության, քաղաքական, մշակույթի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներն ուղենշելու համար:
Նախարարները կարևորեցին նաև Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն ծավալող հայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրների և ժողովուրդների միջև կամրջող օղակ և հայ ինքնության պահպանման առաջամարտիկներ:
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ պայմանավորված Մերձավոր Արևելքում պատմական կապերով և հայկական ներկայությամբ՝ Հայաստանը մշտապես ուշադիր հետևում է տարածաշրջանի գործընթացներին։
Երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Լիբանանում խաղաղապահ և տարածաշրջանում հումանիտար առաքելություններին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






