Արթուր Վանեցյանը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, հայտարարություն է արել իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվի նկատմամբ, չկա: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությանը, նշել է. «Սպան այդպիսի բան անի՞, դա գիտեք ի՞նչ է, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ կարող է նման բան տեղի ունենալ:
«Դա անարգանք է ՀՀ զինված ուժերի նկատմամբ: Շատ ուրախ եմ, որ ՀՀ հանրությունը շատ հստակ այս երևույթին իր գնահատականը տվեց»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում էր ներկայացրել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






