Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակելու համար։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող հերթական դատական նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Մանվել Գրիգորյանին՝ գրավի դիմաց ազատ արձակելու Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը։
Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1–ին, ժամը 12։00–ին։
Նշենք, որ պաշտպաններն այսօր դատարանին միջնորդել էին նաև կալանքից ազատել Գրիգորյանին պատկանող գույքի մի մասը` 7 գույք։ Բոլոր տարածքները գտնվում են Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ Դրանցից 6-ը հասարակական նշանակության տարածքներ են` գրասենյակներ, խանութներ, մեկը` տաղավար` Նար Դոսի 3/1 հասցեում։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






