Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարի տեղակալ Յույ Ցզյանհուայի ղեկավարած պատվիրակությանը, որը ժամանել էր Հայաստան մասնակցելու Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստին: Այս մասին հայտնում են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հանդիպման սկզբում փոխվարչապետը ողջունել է հյուրերին և կարևորել է Չինաստանի առևտրի փոխնախարարի մասնակցությամբ այսօր Երևանում կայացած հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստը: Մհեր Գրիգորյանի խոսքով՝ առկա են բոլոր նախադրյալները իրացնելու այն մեծ ներուժը, որ կա երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում:
Մհեր Գրիգորյանը ներկայացրել է այն բոլոր հնարավորությունները, որն ընձեռնում է Հայաստանը գործարարներին և հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է շոշափելի արդյունքներ ունենալ նաև երկու երկրների բիզնես կապերի և շփումների զարգացման գործում:
Չինաստանի առևտրի նախարարի տեղակալ Յույ Ցզյանհուան շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար՝ ընդգծելով, որ հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստին Չինաստանից ժամանած պատվիրակության ներկայացվածությունը վկայում է Չինաստանի ցանկության մասին Հայաստանի հետ զարգացնելու երկկողմ հարաբերությունները: Չինաստանի նախարարի տեղակալը խոսել է այն պատմական կապերի և ընդհանրությունների մասին, որ ունեն Հայաստանն ու Չինաստանը՝ շեշտելով, որ երկու հնագույն քաղաքակրթությունները, որոնք զգալի ներդրում են ունեցել մարդկության զարգացման գործում, դեռ համագործակցության նոր հնարավորություններ ունեն բացահայտելու:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի մասնակցությանը, այնպես էլ Հայաստանում մեծ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման կարևորությանն ու դրանց տարածաշրջանային բնույթ հաղորդելու անհրաժեշտությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






