Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանի բնակչությունը արագ փոփոխությունների ակնկալիք ունի և դա միանգամայն նորմալ է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում փոփոխություններ արդեն իսկ տեղի են ունեցել, սակայն դա չի նշանակում, որ բոլոր փոփոխություններն են իրականացվել:
Ըստ Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ բյուջետային միջոցներով հնարավոր է այնքան ճանապարհներ կառուցել Հայաստանում, որքան Քըրք Քըրքորյանը Հայաստանին 100 միլիոն դոլար նվիրաբերելու ժամանակ է կառուցվել:
«Այս տարվա միայն առաջին կիսամյակի արդյունքներով մենք ՀՀ պետական բյուջեն գերակատարել ենք մոտավորապես 120-125 միլիոն դոլարով: Դա մոտավորապես այնքան է, ինչքան «Լինսի» հիմնադրամը տվել էր Հայաստանին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 120 միլիոն դոլար գերակատարված գումարն ուղղվել է զինված ուժերի պայմանագրային զինծառայողների և սպաների աշխատավարձերի բարձրացմանը։
«2019 թվականի հունվարի 1-ից 80 հազար թոշակառուի և նպաստառուի թոշակն ու նպաստը բարձրացել, հունվարի 1-ից նորից բարձրանալու է, սեպտեմբերի 1-ից բարձրացել է ուսուցիչների աշխատավարձը, հոկտեմբերի 1-ից բարձրանալու է հրշեջների և անտառապահների աշխատավարձը և այդպես շարունակ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշել է, որ այս տարի առաջին անգամ ՀՀ Կենտրոնական բանկը 400 միլիոն դոլար է գնել շուկայից։
«Մեր միջազգային պահուստներն այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակին: Մեր երկրում միջազգային պահուստները երբեք ավելի մեծ չեն եղել, քան այսօր: Խոսքն այն արտարժույթի մասին է, որ մենք մեր ռեզերվում պահում ենք: Վերջին 1.5 տարվա ընթացքում ՀՀ-ում ավելի քան 65 հազար նոր աշխատող է արձանագրվել, սա աշխատաշուկայի 10 տոկոսն է: Այդ աշխատողների մի մասը ստվերից դուրս եկածներն են, մյուս մասը՝ նոր աշխատատեղերը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






