Պալմիրայում մոնումենտալ կամարի վերականգնման պիլոտային նախագծի վերաբերյալ ռուս-սիրիական համաձայնագրի ստորագրումը նախատեսված է հոկտեմբերին: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի մշակութային ժառնգության և թանգարանների գլխավոր վարչության ղեկավար Մահմուդ Համուդը։
«Հաջորդ ամիս մենք մտադիր ենք համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի քարե արդյունաբերության ձեռնարկությունների ասոցիացիայի հետ։ Պալմիրայում մոնումենտալ կամարի վերականգնման այս պիլոտային նախագիծը նախատեսվում է իրականացնել մշակույթի նախարարության, տնտեսական զարգացման նախարարության և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ»,- նշել է Համուդը:
Պալմիրան Դամասկոսի և Եփրատ գետի միջև գտնվող սիրիական անապատի օազիսի ամենահարուստ քաղաքներից մեկն է, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաքից 240 կմ հյուսիս-արևելք։ Պալմիրայի ավերակներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:
Նշենք, որ Սիրիայում պատերազմի ընթացքում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները քաղաքը գրավել են երկու անգամ ՝ 2015 թվականի մայիսից մինչև 2016 թվականի մարտը և 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2107 թվականի մարտը: Այդ ընթացքում նրանք սպանել են Պալմիրայի գլխավոր հետազոտողներից մեկին՝ 81-ամյա Խալիդ ալ Ասադին, թալանել են ազգային թանգարանը՝ հափշտակելով բազմաթիվ հնություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






