ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն արժևորել են ՀԸԳՀ-ն՝ որպես ընդհանուր կարևոր ձեռքբերում և գնահատել են վերջինիս դերը՝ որպես ԵՄ կողմից Հայաստանում մեկնարկած բարեփոխումներին աջակցելու, ԵՄ հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևոր գործիք: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարևորել է մարդկանց միջև շփումների խթանման և ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի ազատականցման շուրջ երկխոսության մեկնարկի առաջնահերթությունը հայկական կողմի համար:
Զոհրաբ Մնացականյանն ու Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձել են նաև Արևելյան գործընկերության տասնամյակի և նախաձեռնության ապագա տեսլականին: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի համար ԱլԳ-ն ոչ թե ԵՄ երկրների հետ հարևանության ձևաչափ է, այլ աշխարհագրորեն Եվրոպայի արևելյան մասում գտնվող երկրների հետ համագործակցության հարթակ՝ հիմնված եվրոպական ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ Բարձր հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:
Զոհրաբ Մնացականյանը Մոգերինիին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներն ու տեղեկացրել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






